Ես բազմիցս առաջարկել եմ մերժել «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագիծը, վերանայել այն, եւ միայն պատշաճ քննարկումից, առկա բոլոր առաջարկների ուսումնասիրությունից եւ կարծիքներն հաշվի առնելուց հետո այն ներկայացնել խորհրդարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներից մեկի ներկայացրած օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը, ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Մասնավորապես, նա նշեց, որ առաջարկներ եղել են ինչպես իշխող դաշինքի, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտ: Ըստ պատգամավորի` օրինագծում կան կետեր, որոնք պարզապես պետք է վերանայվեն: Խոսքը նաեւ նվիրատվության չափի մասին է եւ այն մասին, որ նվիրողի անունը, ըստ էության, կհրապարակվի, ինչը, ըստ պատգամավորի, պարզապես անընդունելի է, քանի որ պետք է հարգել այդ մարդկանց կամքը:

«Ես շատ բարերարների գիտեմ, ովքեր երկար տարիներ բարեգործությամբ են զբաղվել Հայաստանում: Նրանք շատ համեստ մարդիկ են: Եվ տարբեր պատճառներով, այդ թվում` եւ քաղաքական, եւ անձնական, եթե նրանք «ինքնագովազդ» չեն ցանկանում իրենց համար, ապա պետք է հաշվի նստել այդ դիրքորոշման հետ: Այս մարդկանց այդ ցանկությունը պետք է հարգել»,- կարծում է Դանիելյանը:

Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, եթե բոլոր այս փոփոխությունները մտցվեն, ապա օրենքն, ըստ էության, ամբողջովին կփոխվի, եւ, Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, այն այս տեսքով չի կարելի ներկայացնել երկրորդ ընթերցմանը:

Ի պատասխան հարցին` միթե՞ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի անդամները, որոնք դրական եզրակացություն են տվել նախագծին, իսկ մեծամասնությունը` իշխող դաշինքից, տեղյակ չեն եղել հնարավոր ռիսկերի եւ հետևանքների մասին, Դանիելյանն ասաց, որ ինքն էլ է այդ հարցը տվել, եւ իրեն ասել են, որ այս դեպքում որոշվել է չխոչընդոտել, քանի որ «Լուսավոր Հայաստան»-ը կարող էր դրանից օգտվել, այս որոշումը այլ լույսի ներքո ներկայացնել՝ իշխանություններին մեղադրելով կոռուպցիոն ռիսկերը կոծկելու փորձի մեջ, դրանով իսկ ամեն ինչ գլխիվայր շրջելով: «Այսինքն, այս որոշումը, ամենայն հավանականությամբ, քաղաքական էր: Ինձ ասել են, որ իրենք պարզապես որոշել են մտնել նրանց դրության մեջ եւ խուսափել ավելորդ խոսակցություններից ու վեճերից»,-  պարզաբանեց պատգամավորը:
Նա հայտնեց նաեւ, որ, չնայած նրան որ ինքը դեմ է այս օրինագծին, քվեարկության ընթացքում ձեռնպահ է մնացել:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից խորհրդարանին ներկայացրած օրինագիծը թույլ կտա ընդլայնել ՀՀ համայնքների ավագանիների լիազորությունները: Այս օրինագիծը, ըստ դրա հեղինակի` ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանին` մասնավորապես, առաջարկում է ավագանու խորհուրդներին լիազորել իրենց որոշմամբ հաստատել նվիրատվությունները, բայց` միայն այն դեպքում, եթե նվիրատուն համայնք է, իսկ նվիրատվության արժեքը գերազանցում է 1 միլիոն դրամը,  ինչից հետո միայն նվիրատվության մասին պայմանագիրը կարելի է կնքված համարել, իսկ նվերը` ընդունված: Հատկանշական է, որ, չնայած նախորդ օրը տեղի ունեցած վեճերին, փետրվարի 13-ին «Իմ քայլի» որոշ պատգամավորներ քվեարկեցին առաջին ընթերցմամբ «օրինագծի» ընդունման օգտին: Այդ դեպքում ինչում էր խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների կողմից հնչեցված սուր քննադատության իմաստը, մնում է անհասկանալի: