Քաղաքական գործիչներն այնքան լծակներ ու հարթակներ ունեն իրենց պաշտպանելու, որ ատելության խոսքի մասին խոսելը ծիծաղելի է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Զարմանում եմ, երբ քաղաքական գործիչներն իրենց զոհականացնում են եւ ասում են՝ մեր նկատմամբ ատելության խոսք կա»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Խանդանյանն, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, ասաց, որ չափազանց կարեւոր կլիներ, որ այս բարեփոխմանը խորհրդարանական 3 ուժերով մասնակցեին. «Բայց ԼՀԿ-ն ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում եւս որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել. դա իրենց գործն է»։

Խոսելով երկրում տիրող հնարավոր ատելության խոսքի տարածմանը, եւ, որ շատ հասարակական-քաղաքական գործիչներ այդ հարցում մատնանշում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատգամավորն ասաց. «Կա որեւէ մի մարդ, որի անունը տրվել է եւ պարբերաբար ասել է՝ ժողովուրդ գնացեք այդ իքս մարդու թաթիկները կտրեք։ Այդ արտահայտությունը կարելի է հասկանալ հանցագործության դեմ, եւ ընդհանրապես, նախկինում կատարված հանցագործությունների նկատմամբ, գործող ուժն ունի զրո հանդուրժողականություն»։

Լրագրողի դիտարկմանը, որ վարչապետը «պատերին ծեփելու» արտահայտությունն արել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանին նկատի ունենալով, Խանդանյանն ասաց. «Վարդան Ղուկասյանը պատգամավոր է եւ կարող է ինքն իրեն պաշտպանել։ Ատելության խոսքի աշխարհին հայտնի իրավական սահմանումների մեջ այդ խոսքը հնարավոր չէ տեղավորել. դա սուր քաղաքական խոսք էր»։

Հարցին՝ եթե ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասի՝ «թաթիկները կկտրեմ», արդյոք դա կհամարվի՞ ատելության խոսք, Խանդանյանն ասաց, որ դա ատելության խոսք չի համարվի, դա այլաբանորեն է հասկացվելու. «Դեպքեր են լինում, երբ զայրույթը, եւ մարդկանց վարքը ստիպում է ավելի կոշտ բառապաշար կիրառել։ Այլ խորհրդարանների քննարկումները տեսեք, այնտեղ անգամ հայհոյանքներ են հնչում»։