Հայ ազգային կոնգրեսի կողմից ապրիլի 28-ին հայտարարված հանրահավաքից «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ակնկալիքներ չունի: Այս մասին նա հայտարարեց ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ ապրիլի 28-ին որեւէ բեկումնային իրադարձություն տեղի չի ունենալու:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում մի քանի դրվագներ կան, որոնք իմ կարծիքով, էական նշանակություն ունեն: Առաջինը, եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու ռիսկը շատ մեծ է, սա նշանակում է ուղղակի կտրուկ գործողությունների եւ հեղափոխական գործընթացների չգնալու հիմնավորում եւ լեգիտիմացում»,-հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով` ՀԱԿ առաջնորդը իր այդ ուղերձով փորձում է ճնշում գործադրել միջազգային կառույցների վրա, հասկացնել տալով, որ քանի դեռ ԼՂ խնդիրը լուծված չէ, ՀԱԿ-ը չի ստանձնելու Հայաստանում առկա ներքին հուզումները ղեկավարելը: «Հետեւաբար ապրիլի 28-ին որեւէ բան չի լինելու:

Այդ օրը պարզ կդառնա, որ բողոքական հատվածը մասամբ հիասթափված է ընդդիմության չմիավորումից, մյուս կողմից հանրահավաքային պայքարի անարդյունավետությունից»,-նկատեց Սաֆարյանը: Նրա կանխատեսմամբ` ապրիլի 28-ի հանրահավաքում կլինեն «նոր սպասումների տեղիք տվող հայտարարություններ»: