Արտակարգ իրավիճակների նախարարության  Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանը, ով գյումրեցիներին հայտի է «Կոբալ Անդո» մականունով, սեփական դիմումի համաձայն  հեռացել է աշխատանքից: Այդ պաշտոնում ապրիլի 13-ից  նշանակվել է ծնունդով շիրակցի, երեւանաբնակ, ԱԻՆ փոխգնդապետ Մարատ Սարիբեկյանը:

Այդ կադրային փոփոխության պատճառն այն է, որ վերջերս Գյումրիում Շվեյցարիայի կառավարության  ֆինանսական ու տեխնիկական մեծ օժանդակության համար որպես երախտագիտություն` Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բեմադրված ուսումնավարժանքը չի գոհացրել ներկաներին:

«Կազմակերպված էր ցուցադրական ուսումնավարժանք, որտեղ ներգրավված էին ոչ միայն հրշեջ-փրկարարները, այլ նաեւ քաղաքացիական կառույցները: Ոչ թե հրշեջ-փրկարարների, այլ մյուս ենթակառուցվածքների աշխատանքում է թերացումներ արձանագրվել: Բայց քանի որ ընդհանուր տպավորությունը վատ է եղել, նախարարի հրամանով ԱԻՆ Շիրակի մարզային փրկարար վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Վարչության պետն էլ սեփական դիմումի համաձայն հրաժարվել է աշխատանքից»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Նշենք, որ շուրջ 10 տարի Շվեյցարիայի կառավարությունը  «Համագործակցում եւ զարգացում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում  եւ օժանդակում է Հայաստանի արտակարգ իրավիճակների ծառայություններին: Ապրիլի 1-ին Շվեյցարայի նախագահի Ախուրյան կատարած այցելության օրվա սկզբում,  Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, թե Շվեցարիայի օժանդակության շնորհիվ  «Սովետական «պաժառնիկը» դարձել է հրշեջ- փրկարար»: Ավելի ուշ, երբ բեմադրված ուսումնավարժանքը երկար ձգձգվեց եւ Շվեյցարիայի նախագահը կեսից հեռացավ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն այդ կապակցությամբ ծառայողական քննություն նշանակեց, ինչից հետո Անդրանիկ Պողոսյանը հեռացավ աշխատանքից: