Վրաստանի Հայ ուսանողների միությունը դիմել է Վրաստանի ուսանողական կազմակերպություններին, այդ թվում` ԲՈՒՀ-երի ուսխորհուրդներին, կոչ անելով հանդես գալ Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող պաշտոնական հայտարարություններով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վրաստանի Հայ ուսանողների միության» մամուլի ծառայությունից:
Վրաստանի Հայ ուսանողների միությունը նաեւ խնդրել է մասնակցել Վրաստանի Հայ Համայնքի կողմից 2011 կազմակերպված միջոցառմանը` նվիրված Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին: Ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կանցկացվի բողոքի խաղաղ ակցիա` Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով: Վրաստանի Հայ ուսանողների միությունը հույս ունի, որ Վրաստանի ուսանողները եւ ուսանողական կազմակերպությունները համերաշխություն կցուցաբերեն եւ կմասնակցեն վերոնշյալ նախաձեռնությանը:
Նշենք, որ մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան 20 պետությունների, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրախորհրդարանի եւ Եվրախորհրդի կողմից:
Ներկայում Հայոց Ցեղասպանության ճանաչման քննարկումների գործընթաց է գնում մի շարք երկրներում (ԱՄՆ, Բուլղարիա, Իսպանիա, Իսրայել, Սերբիա եւ այլն):



























