Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները` հրադադարի ռեժիմի խախտման եւ երկու զինվորների վիրավորման մասին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: «Արցախի պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը: Ինչ վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկություններին` ԼՂՀ ԶՈՒ կողմից երկու ադրբեջանցի զինվորների վիրավորման մասին, պաշտոնական Բաքուն ավելի լա է միջադեպի պատճառները փնրտի սեփական բանակի թերացումների, նրա մարտական եւ բարոյահոգեբանական վիճակի մեջ»,- նկատել է Սենոր Հասրաթյանը:
Ադրբեջական լրատվամիջոցների փոխանցմամբ, վիրավորները 20-ամյա ֆազիլ Աբդուալլեւն ու 21-ամյա Էլշան Նազարովն են, որոնք հրազենային վնասվածքներ են ստացել: Երկու զինվորն էլ գտնվում են հիվանդանոցում: Աբդուլլաեւի վիճակը գնահատվում է որպես ծանր, Նազարովը թեթեւ վնասվածք է ստացել:





























