Համաքաղաքացիները վաղ առավոտից անհանգստացած են հանրապետության տարածքում օդում փոշու մեծ քանակությունից, ինչի հետեւանքով դժվարացել է նույնիսկ շնչելը: ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն այսօր գիշերը եւ երեկ ցերեկը դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքներ ինտենսիվ ներհոսք: «Դրանով էլ պայմանավորված` անապատային փոշին տեղափոխվել է հանրապետության տարածք»,-հայտնեց ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Բաղդասար Սնգրյանը NEWS.am-ին հայտնեց, որ Կենտրոնը փոձանմուշներ է վերցնում, որոնց պատասխանները կստացվեն ավելի ուշ:
«Մենք արձանագրել ենք օդային ավազանում փոշու քաշը, որը նորմայից գերազանցում է երկու անգամից ոչ ավելի»,-նշեց Սնգրյանը: Նա նաեւ հավելեց, որ անապատային փոշիները, որոնք գետնամերձ շրջանում նկատելի չեն, հանրապետություն են ներթափանցել Իրաքի եւ Սիրիայի տարածքից:
Նման երեւույթ, ըստ Սնգրյանի, Երեւանում տարին մեկ անգամ արձանագրվում է:
Սնգրյանը նաեւ հերքեց լուրերն այն մասին, թե, հնարավոր է, փոշու ամպը Ճապոնիայից է ներթափանցել եւ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի հետեւանքով առաջացած ռադիոակտիվ փոշին է:



























