Երեւանում բարձրացած փոշին կապ չունի ատոմակայանի հետ: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: «Լուրերը, թե այսօր Երեւանում բարձրացած փոշին ատոմակայանում տեղի ունեցած ինչ-որ վթարի արդյունք է չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Երեւանի փողոցներում առաջացած փոշու մեծ ծածկույթը առաջացրել է բնակիչների անհանգստությունը։ Բնակչության շրջանում, անգամ սոցիալական կայքերում քննարկումներ են սկսվել, թե դա կապված է Հայաստանի ատոմակայանի աշխատանքի հետ:
«Ատոմակայանը աշխատում է համաձայն շահագործման աշխատակարգի, նորմալ շահագործման ռեժիմի ոչ մի շեղում չկա»,- նշեց Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Երեւանում ռադիոակտիվության սովորական մակարդակ է եւ որեւէ շեղում չկա:
Նշենք, որ Մեծամորի ատոմակայանը վերջին շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու պատճառով չէր գործում, իսկ երեկվանից այն ամբողջ թափով սկսել է գործել:




























