Կոմիտասի անվան Պանթեոնում Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ապրիլի 17-ին կայացած զրույցը «մասնավոր եւ աշխարհիկ» բնույթ է կրել։ Ապրիլի 20-ին այս մասին լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Զրույցի մանրամասներն ընդդիմադիր առաջնորդը չհաղորդեց։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էին Կոմիտասի անվան Պանթեոնում։ Նրանք Պանթեոն են ժամանել Հայաստանի Ժողովրդական կուսակցության հիմնադիր, Խորհրդային Հայաստանի երկարամյա առաջնորդ Կարեն Դեմիրճյանի 79-ամյակի կապակցությամբ։
Րաֆֆի Հովհաննիսյանը Պանթեոնում ինքն էր մոտեցել ՀԱԿ առաջնորդին։ Նրանք զրուցել էին 15 րոպե՝ գրավելով բոլոր ներկաների ուշադրությունը։
Նշենք, որ մարտի 17-ի հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ հեռակա երկխոսություն էր ծավալվել։ Դրա պատճառ էր դարձել Տեր-Պետրոսյանի՝ «Ազատության» հրապարակում հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին չմոտենալու եւ չբարեւելու միջադեպը։ Դրանից հետո երկու թեւերի ներկայացուցիչները միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչեցրել։
Լուսանկարը` Արման Վեզիրյանի





























