Բնապահպան Կարինե Դանիելյանը հույս ունի, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն ներթափանցած փոշու ամպերը չեն վնասի արդեն ծաղկած ծառերին։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Եթե ավազը տաք լիներ, ապա նստելով բուսականության եւ ծառերի վրա՝ կարող էր խանձել դրանք, բայց հուսով եմ՝ նման բան չի լինի։ Իհարկե, ընդհանուր առմամբ սա բացասական երեւույթ է, բայց եթե հաշվի առնենք, որ ավազն ու փոշին տաք չեն, վտանգը, պետք է որ այնքան էլ մեծ չլինի։

Առանձին հարց է՝ կա՞ն արդյոք փոշու ամպերի մեջ տոքսիկ նյութեր, որոնք կարող են լրացուցիչ վնաս հասցնել բուսական եւ կենդանական աշխարհին, սակայն ուսումնասիրությունների արդյունքները պատրաստ կլինեն միայն վաղը։ Ես հույս ունեմ, որ նման նյութեր, ամեն դեպքում, փոշու մեջ չեն հայտնաբերվի»,- ասաց Դանիելյանը։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի անապատներից հանրապետություն այսօր գիշերը եւ երեկ ցերեկը դիտվել է արեւադարձային տաք օդային հոսանքներ ինտենսիվ ներհոսք, ինչի արդյունքում անապատային  փոշին տեղափոխվել է Հայաստան։

Ինչպես NEWS.am-ին ավելի վաղ ասել էր ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Բաղդասար Սնգրյանը, կենտրոնը  փոձանմուշներ է վերցնում, որոնց պատասխանները կստացվեն ավելի ուշ: Սնգրյանը նաեւ հերքել էր լուրերն այն մասին, թե, հնարավոր է,  փոշու ամպը Ճապոնիայից է ներթափանցել եւ «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի հետեւանքով առաջացած  ռադիոակտիվ փոշին է: