Հովտաշատում երեկ տեղի ունեցած ահասարսուռ սպանության համար որեւէ լուրջ շարժառիթ չի եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանը:

Նա նշեց, որ 31-ամյա հարսին այնքան էլ լավ չի ճանաչում, քանի որ նա երկար ժամանակ գյուղում չի բնավել, Աբովյանում է բնակվել եւ մոտ 5-6 ամիս է, ինչ վերադարձել են գյուղ` սկեսուրի հետ բնակվելու:

«Մի քանի շաբաթ առաջ էլ էդ հարսը դեղահաբեր էր խմել, տարել էին հիվանդանոց շտապօգնության մեքենայով, բայց չեմ կարող ասել ինքնասպանության նպատակով էր խմել, թե ոչ: Իրենց միջեւ չեմ կարող ասել` ինչ վեճ է եղել, բայց լուրջ բան չի եղել, իբր սկեսուրը լսել է, որ հարսը իր անունով է տունը ձեւակերպել, բայց նման բան չի եղել, տունը վաճառվել է իրենց տարիներ առաջ եւ նույնիսկ չի էլ անվանափոխվել: Կարծում եմ` հարսի արածն անմարդկային է, աբսուրդ է: Չեմ կարծում, որ հոգեկան խնդիրներ ունի, ուղղակի հիստերիկ է, որովհետեւ խեղդել է սկեսուրին ու գնացել հարեւանների մոտ աղմկել, թե սկեսուրս գազից է խեղդվել»,-ասաց գյուղապետը` նշելով, որ 31-ամայ հարսը 3 եւ 8 տարեկան  որդիներ ունի:

Համայնքապետը հավելեց, որ իրավապահները դեռ գյուղում քննչական աշխատանքներ են կատարում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա բակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ նույն օրը՝ ժամը 9-ի սահմանում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31-ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:

Փաստի առթիվ Արարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ  քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով:

75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:

Նախաքննությունը շարունակվում է: