Քանի դեռ չի հայտարարվել իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված  երկխոսության մասին, բոլոր խոսակցությունները ենթադրություններ են:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 21-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանվել Բադեյանը: Ըստ նրա ենթադրության` իշխանության ու ընդդիմության լիդերները դեռեւս դեմ առ դեմ չեն նստել եւ միմյանց հետ որեւէ հարցի շուրջ չեն պայմանավորվել:

«Քանի որ ես այդ երկու մարդկանց գլխի մեջ չեմ ապրում, դրա համար չեմ կարող ասել` եղել է այդպիսի երկխոսություն, թե ոչ: Ուրիշ բան, որ քաղաքական պայքարը կարծես թե մտնում է մի քիչ քաղաքակիրթ փուլ, եւ այն ագրեսիան, որն ընդդիմությունը դրսեւորում էր վաղուց ի վեր, հիմա ոնց որ թե ավելի առարկայական, ցիվիլ եւ խոհեմ է դարձել: Իշխանությունն էլ այժմ ավելի ցիվիլ ձեւով է գործում եւ փորձում է հասարակությունը համախմբել »,- նկատեց Բադեյանը: Նրա խոսքով` այժմ ընդդիմությունը պայքար է տանում ոչ թե հանուն պայքարի, այլ հանուն «հարցեր լուծելու»:

Ըստ Բադեյանի`Հայաստանի թիվ մեկ խնդիրն այժմ հասարակությանը համախմբելն է: Ուստի, պատգամավորի խոսքով, «հասարակության մեջ ինչքան թույն-թարախ քիչ լինի, այնքան լավ հասարակություն կունենանք»: