Վրաստանը մի երկիր է, որն ունի հակամարտություններ, սակայն նրա պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա նշեց, որ Վրաստան այցի ընթացքում գլխավոր թեմաներից մեկը եղել է տարածաշրջանում լարվածությունը։

«Ցավոք, շատ երկար ժամանակ մեր տարածաշրջանը լարված է եւ հայ-վրացական հարաբերությունների հարթության մեջ ինչ կարելի է անել, այդ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար: Մենք արձանագրեցինք, որ փոխադարձաբար շահագրգռված ենք, որ մեր տարածաշրջանում լարվածությունը թուլանալ: Փորձեցինք մատնանշել, թե որ ուղղություններով մեր համագործակցությունը կնպաստի մեր տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանը»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ Վրաստանը մի երկիր է, որն ունի հակամարտություններ, սակայն նրա պաշտոնական դիրքորոշումն այն է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. «Սա շատ կարեւոր նրբություն է, որը ցավոք, միշտ չէ, որ ընդգծվում է: Ուզում եմ արձանագրել, սա եւս մեկ ընդհանրություն է, որ եւ Հայաստանը, եւ Վրաստանը կարծում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Արդյոք սա համագործակցության դաշտ է մեզ համար: Այո, դա համագործակցության դաշտ է մեզ համար»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հարեւան երկիր այցը շատ հաջող է անցել, եւ շնորհակալություն է հայտնել վրացական կողմին համագործակցության համար։

Խոսելով համագործակցության հնարավորությունների մասին, չնայած տարբեր արտաքին քաղաքական վեկտորներին, վարչապետը նկատեց, որ հայ եւ վրացի ժողովուրդները դարերով հաշտ ու համերաշխ ապրել են մի տարածաշրջանում։ «Մեր միջեւ թշնամանք չկա, քանի որ չեն եղել խոշոր հակամարտություններ։ Խոսելով ռազմավարական համագործակցության մասին՝ մենք նկատի ունենք մեր ռազմավարական համագործակցության պլանավորումը առաջիկա 100 տարվա համար»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով մեկնել էր Վրաստան։ Այցի ընթացքում նա հանդիպումներ էր ունեցել իր վրացի գործընկեր Գեորգի Գախարիայի, ինչպեոս նաեւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի եւ Ամենայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հետ։