Նման հայտարարություններով խեղաթյուրվում է իրականությունը, որի համար յուրաքանչյուրը պետք է նախ քաղաքական պատասխանատվություն կրի։ Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում հայտարարեց «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի հարցին, որը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից հետաքրքրվեց, թե ինչ չափով են իրականությանը համապատասխանում այն հայտարարությունները, որ մարզպետները հրավիրում են համայնքների ղեկավարներին եւ հրահանգում նրանց աշխատել «Այո» շտաբի օգտին՝ հանրապետությունում Սահմանադրության հոդվածի փոփոխության առաջիկա հանրաքվեի շրջանակներում։

Նախարարն ընդգծեց, որ ոչ մի նման բան տեղի չի ունենում։ «Սակայն եթե կան նման փաստեր, խնդրում եմ ներկայացնել, բարձրաձայնել, անուններով նշել նրանց, ովքեր նման քայլեր են ձեռնարկել։ Ես բացառում եմ, որ «Այո» շտաբի կողմից, առավել եւս տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից մեկին կարող է նման հրահանգ տրվել։ Ես նաեւ հայտարարել եմ՝ թող համայնքի ոչ մի ներկայացուցիչ արջի ծառայություն չմատուցի իշխանություններին»,- ասաց Պապիկյանը։

Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանի քաղաքացուն տրվել է ապրիլի 5-ին ըստ խղճի քվեարկելու հնարավորություն, եւ հավելեց, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՍԴ փոփոխությունների շահառուներ են։

«Հնչում են նաեւ որոշ մանիպուլյատիվ հայտարարություններ իբր հնարավոր է Պապիկյանը ասում է այդպես, սակայն իրականում այլ բան է անում։ Ե՞րբ եք տեսել, որ ես այդպես վարվեմ»,- տարակուսեց նախարարը։