Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 40-ամյա մի տղամարդ հունվարից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական շրջանում ավտոմեքենաներից մարտկոցներ է գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 5-ին, ժամը 15.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Հասրաթյան փողոցից կասկածվողը բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին եւ խոստովանել, որ հունվարին Լուկաշինի փողոցում կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից գողացել է մարտկոցը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա փետրվարի 29-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտ կայանված «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի մարտկոցները՝ պատճառելով 160.000 դրամի վնաս:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Մաշտոցի քրեական հետախույզները պարզել են, որ 40-ամյա տղամարդը փետրվարի 1-ին, ժամը 04.15-ին, գողացել է նաեւ Միրաքյան նրբանցքի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենայի մարտկոցը:
Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:
Նախապատրաստվում են նյութեր:





























