Ցանկացած բռնության մենք դեմ ենք, լինի ընտանիքում, թե ընտանիքից դուրս»: Այս մասին, այսօր՝ մարտի 6–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն՝ անդրադարձավ երեկ Գյումրիում տեղի ունեցած ընտանեկան բռնության՝ դաժան ծեծի եւ սպանության դեպքին։

Նրա խոսքով, պետք չի տարանջատում մտցնել՝ բռնությունն ընտանիքի ներսում է, թե ընտանիքից դուրս. «Եթե բռնությունը ընտանիքից դուրս է, ուրեմն կարելի է դրա հետ հաշտվել, իսկ եթե ընտանիքի ներսում է, ուրեմն խստորեն դատապարտել։ Ցանկացած բռնություն մեզ համար դատապարտելի է, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ երեկ էլ Բռնության հրապարակային կոչերի նախագծի քննարկման ժամանակ մենք մեր կուսակցության, մեր խմբակցության դիրքորոշումը արտահայտեցինք, որ մենք երբեւէ չենք կարող կողմ լինել բռնությանը։ Բայց մենք նպատակ չունենք վարվել այնպես, որ ամենալավ նպատակը անորոշ միջոցներով, չստուգված ոչ խելամիտ գործիքների պատճառով հանկարծ ի չիք դառնա»,–ասաց Պետրոսյանը:

Իսկ կոնկրետ նշված գործի մանրամասների առնչությամբ պատգամավորն առաջարկեց սպասել նախաքննության մարմինների, հետագայում նաեւ դատարանի գնահատականներին. «Ինչ վերաբերում է ավելի վաղ հնչած գնահատականներին, ապա ես միշտ ասել եմ՝ քաղաքական գործիչը չպետք է աճապարի գնահատական տալ զուտ իրավական գործընթացներին, որովհետեւ մենք դրանով ինչ–որ տեղ ստվերում, ինչ–որ տեղ նաեւ անտեսում ենք մեր իրավապահ մարմինների հեղինակությունը: Միայն այդ մարմինների իրավական գնահատականից հետո մենք կարող ենք տալ մեր քաղաքական գնահատականը»։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ թե Ոստիկանությունում, թե քննչական մարմիններում, թե դատախազության համակարգում կան շատ պրոֆեսիոնալ կադրեր, եւ իրենք էլ հավաստիության կանխավարկածով են մոտենում, որ այդ կադրերից ամեն մեկն իր լիազորության շրջանակներում առավելագույն պատասխանատվությամբ կմոտենա իր առջեւ դրված խնդիրներին. «Դրանից հետո նոր մենք կարող ենք տալ քաղաքական գնահատականներ, եթե իրավական լուծումները կասկածելի թվան»։