Ղարաբաղյան ուղղությամբ սադրանքների փորձերի հետեւանքները Թուրքիայի համար չափազանց տհաճ կլինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Նա նկատեց, որ Հայաստանում շատ են խոսում եւ գրում Ղարաբաղի եւ Սիրիայի խնդիրների մասին, եւ տեսականորեն հնարավոր է Հայաստանի եւ Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանին օգտագործելով Թուրքիայի հարվածը:
«Սակայն դա տեղի չունեցավ, եւ թուրքերը ռիսկի չեն դիմի գնալ այդ ճանապարհով, քանի որ Անկարայի համար դրա հետեւանքները չափազանց տհաճ կլինեն: Թուրքիան հասկանում է, որ Ռուսաստանին զայրացնել պետք չէ»,- նշեց փորձագետը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Մոսկվայում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի սահմանումն ու այլ միջոցներ՝ ուղղված սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը:
Նշենք, որ մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք:
Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող:





























