Հանրության լայն ներգրավմամբ տնտեսություն ունենալու հիմնարար նպատակադրմանը հակացուցված է «մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք, ուրեմն ցանկացած պարագայում ճիշտ ենք» բանաձեւը: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ ՊՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ աշխարհաքաղաքական եւ առարկայական մի շարք այլ գործոնների պայմաններում մեր երկրի կայուն զարգացումն այլընտրնք չունի. «Իսկ հատկապես տնտեսության ներառական զարգացումը պահանջում է նախեւառաջ լսել դիմացինի տարբերվող տեսակետները, հաշվի նստել օբյեկտիվ փաստարկների հետ: Այս նախաձեռնությունը դրան է միտված»:
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ սա մեկանգամյա միջոցառում չէ, կրելու է պարբերական բնույթ, դառնալու է հարթակ՝ խնդիրներ բարձրացնելու եւ դրանց լուծումները գտնելու համար:
«Պետությունը պետք է ստանձնի լիարժեք եւ չափելի պատասխանատվություն գաղափարախոսական իրական հենքի վրա: Ներառական տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական տարերային կերպով՝ «միայն չենք խանգարում« սկզբունքով, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ եւ նպատակային մասնակցությամբ: Շուկայական անտեսանելի ձեռքի ուժը պետք է լրացվի պետության լիարժեք տեսանելի ձեռքի ուժով»,-ասաց նա:





























