Ներդրումների նկատմամբ վերաբերմունքը գտնվում է շատ ստորին մակարդակի վրա: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, հիմնական երեք կառույցները, որոնք պատասխանատու են ներդրումների համար՝ փոխվարչապետի ինստիտուտ, ԱԺ տնտեսական հանձնաժողով, էկոնոմիկայի նախարարություն, իրենք չեն դրսեւորում առաջնորդողականություն գործընթացի նկատմամբ. «ներդրումների կառավարման գործընթացներ չկան, պետական աջակցության գործիքակազմը գտնվում է խափանված վիճակում: Ցաքուցրիվ պետական մարմինների հետ խնդիրները չեն կարգավորվում»,-ասաց Մակարյանը:
Նա ընդգծեց, որ երկխոսությունը բիզնեսի հետ գտնվում է շատ ցածր մակարդակի վրա. «Ես բազմաթիվ անգամ առաջարկել եմ նաեւ էկոնոմիկայի նախարարին, որ պիլոտային տարբերակով երկխոսության ինստիտուտը մեկ նախարարության օրինակով ձեւավորել: Օրինակ, վարչության պետերը հանդիպում են բիզնեսի հետ ամիսը մեկ անգամ, փոխնախարարները 2 ամիսը մեկ անգամ, նախարարը՝ երեք ամիսը մեկ անգամ, որպեսզի լինի թափանցիկությու, թե ինչն է արվում, ինչը չի արվում»:




























