Իտալիայից վերադարձող Չեխիայի բնակիչները պարտավոր են շաբաթ օրվանից հեռախոսով տեղեկացնել այդ երկիր իրենց այցելության մասին բուժող բժշկին, որը որոշում կկայացնի երկու շաբաթով նրանց կարանտինի մասին: Կարանտինը խախտողներին սպառնում է երեք մլն կրոնի չափով (շուրջ 120 հազար եվրո) տուգանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր որոշվել է նոր արտակարգ միջոց ձեռնարկել (կորոնավիրուսի կապակցությամբ): Յուրաքանչյուր անձ, որը շաբաթ օրվանից սկսած կվերադառնա (Չեխիա) Իտալիայից, պարտավոր է հեռախոսով կապ հաստատել իր բուժող (տեղամասային) բժշկի հետ,-նշել է վարչապետը:-Կորոնավիրուսով վարակվածների ճնշող մեծամասնությունը, համաձայն մեզ մոտ առկա տեղեկությունների, վարակվել է Իտալիայում: Բժիշկները պարտավոր են որոշում կայացնել Իտալիայից ժամանածների կարանտինի մասին, որը խախտելու համար սահմանված է մինչեւ երեք մլն կրոնի չափով տուգանք»:
Ըստ Բաբիշի՝ առաջիկա հանգստյան օրերին հանրապետություն կարող է վերադառնալ Չեխիայի 16.5 հազար բնակիչ, որոնք մեկնել էին Իտալիա հանգստանալու եւ դպրոցական գարնանային արձակուրդների կապակցությամբ: Ուրբաթ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 18-ի: Նրանց թվում կա ԱՄՆ եւ Էկվադորի, ինչպես նաեւ Իտալիայի քաղաքացի: Երկրի տարածքում վարակվելու առաջին դեպքերի մասին հայտնել էին անցած կիրակի:





























