Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է արդեն 9 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հանրապետության կառավարության կից օպերատիվ շտաբի տեղեկատվությանը:

Ավելի վաղ երկրում վիրուսն ախտորոշված եր 6 մարդու մոտ, որոնցից մեկը Ռուսաստանի քաղաքացի էր:

«Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջան վերադարձած երեք քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսով վարակման փաստը: Վարակվածներից մեկն Իրանից վերադառնալուց որոշ ժամանակ անց դիմել էր հիվանդանոց առողջական խնդիրներով: Հետազոտվելիս նրա մոտ հայտնաբերվել էր թոքաբորբ, սակայն լաբորատոր անալիզը ախտորոշել էր կորոնավիրուսով վարակ: Հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»,-պարզաբանել են շտաբում:

Առկա տեղեկություններով՝ մյուս երկու հիվանդները, որոնք սովորում էին Իրանի Կում քաղաքում, գտնվում են կարանտինում սահմանը հատելու պահից, նրանց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս հետազոտման ժամանակ:

«Նրանց առողջությունը նորմալ է, ջերմությունը՝ կայուն, վիճակն՝ անբավարար: Բոլոր երեք հիվանդների բուժումը շարունակվում է հատուկ ռեժիմի հիվանդանոցում»,-պարզաբանել են շտաբում: