Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը որոշակիորեն լինելու է խնդրահարույց տնտեսության զարգացման տեսանկյունից։ Այս մասին 168TV-ի Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքին եւ նրա հետեւանքներին:
«Ես սա կոչում եմ հեղափոխական արդարադատություն, քանի որ այն որոշակի հետ է գնում եւ արդարադատության տեսակետից դատողութունները կոնկրետ գործարքին չեն վերաբերում։ Այն որոշակիորեն լինելու է խնդրահարույց տնտեսության զարգացման տեսանկյունից։ Երբեւէ ներդրումները չեն գալիս, այսպես ասած, «կանաչ դաշտում», գալիս են որեւէ գործընկերոջ հետ, գնում որոշակի հողամաս, գործարան, հյուրանոց։ Հիմա իրենք պետք է մի քանի անգամ հետազոտեն, որպեսզի հասկանան՝ այս գույքը կարող է լինել խնդրահարույց, քանի որ այդ դեպքում ինչ-որ մեկը կարող է հայց ներկայացնել, գույքը ծանրաբեռնել։ Այս առումով գույքի շրջանառությունը, որը տնտեսական զարգացման համար կարեւորագույն պայման է, որ լավագույն օգտագործողին անցնի, որոշակիորեն խաթարվելու է։ Լավ կլինի, որ եթե նման գործառույթներ լինեն, կես-մեկ տարվա ընթացքում լուծեն, վերջացնեն։ Եթե սա իրականացվեց սելեկտիվ, կլինեն բոլոր բացասական հետեւանքները։ Այդ օրինագիծը ունի քաոսի ներուժ, սակայն ներուժ ունենալը եւ ամբողջովին այդ ուղղությամբ բացահայտվելը տարբեր բաներ են։ Երբ խսում ենք գործողությունների մասին, կա արդարության զգացումը, որը պետք է ունենա հասարակությունը, որ լինի համախմբված, եւ պետք է լինեն տնտեսական իրավունքի եւ սեփականության անձեռնմխելիության գործոններ, որոնցով հետաքրքված է հատկապես արտասահմանյան կապիտալը»,-ասաց նա։
Նախկին փոխվարչապետի կարծիքով` մենք առանց արտասահմանյան կապիտալ ներգրավելու մեծ ապագա չունենք։
«Այս տեսակետից այդ գործիքը լավագույնը չէ։ Եթե անգամ սոցիալական համախմբման տեսակետից աղաղակող անարդարություն կա, որ բոլորը տեսել են եւ ակնկալում են, որ պետք է ուղղվի, կարելի է այդ օրենքը օգտագրծել եւ ուղղել մեկ կամ երկու դեպք։ Բայց սա հստակ պետք է ունենա վերջնաժամկետ, որ դրանից հետո մարդիկ վստահ լինեն, որ բնականոն տնտեսական գործունեության են տեղափոխվում եւ սա նշանակում է վստահ լինել, որ արտաիրավական կամ արտատնտեսական հարցադրումներ գույքի վերաբերյալ չեն կարող լինել»,-ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, որ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թվականի ընթացքում կարողացել են նվազեցնել աղքատությունը եւ հիմա պատմականորեն ամենացածր մակարդակն ունի, Գաբրիելյանն ասաց, որ որպես կանոն աղքատությանը նպաստում է նախորդ տարիների կուտակային աշխատանքը:
«Որպես կանոն աղքատության նպաստում է նախորդ տարիների կուտակային աշխատանքը, եւ եթե 2018 թվականն ենք դիտարկում, ապա դրա հիմնական տնտեսական աճը տեղի է ունեցել առաջին եռամսյակի ընթացքում, որը խոսում է տնտեսական զարգացումների շարունակականության մասին»,- հավելեց նա։





























