«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես որեւէ մեկին չի սատարել Աբովյանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի ընթացքում, բայց մեզանից շատերը ընկերական հարաբերություններ ունեն քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ: Այս մասին այսօր` մարտի 9-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, կուսակցության ղեկավարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ըստ նրա` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ բոլոր գործընթացները պետք է դիտարկել իրավական տեսանկյունից` անձնական հարաբերություններից անկախ:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ չի խոչընդոտել համայնքային հողերի կամայական զավթմանը եւ կամայական շինարարությանը: Ինքը` Գեւորգյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բացահայտ աջակցությամբ անցյալ տարի հաղթեց «Իմ քայլը» դաշինքից թեկնածուին, չի ընդունում մեղադրանքը:




























