Սաուդյան Արաբիան 500 000 ռիալի (133 000 դոլար) կտուգանի նրանց, ովքեր երկիր մտնելիս կթաքցնեն առողջության եւ իրենց ուղեւորությունների մասին տեղեկատվությունը, հայտնում է Reuters-ը։

Նախօրեին երկրի իշխանությունները ժամանակավորապես փակել էին Կատիֆ շրջանը այն բանից հետո, երբ այնտեղ կորոնավիրուսի չորս նոր դեպք էր գրանցվել։ Բոլոր հիվանդացածները շփվել էին մի մարդու հետ, որն այցելել էր Իրան եւ լռել էր այդ մասին երկիր մտնելիս։

Սաուդյան Արաբիան արգելել է ուղեւորությունները 9 երկրներ եւ հայտարարել է, որ Իրան մեկնող ցանկացած քաղաքացու հանդեպ իրավական միջոցներ կձեռնարկվեն։ Թագավորությունը հայտնել է, որ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մեծ մասը Իրանից է վերադարձել։

Նշվում է, որ նրանք, ովքեր չեն պահպանի կանոնները, 500 000 ռիալի կտուգանվեն, իսկ տրանսպորտի մասնագետները պատասխանատվություն կկրեն դրանց ցանկացած խախտման համար։

Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, որոնց թվում մեկ ամերիկացի, որը մինչ այդ եղել է Իտալիայում եւ Ֆիլիպիններում։ Թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը 15 է։ Դրա հետ կապված՝ երկրի իշխանությունները դադարեցրել են ուղեւորությունները ինը հարեւան երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ եւ Եգիպտոս։