Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պնդում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ խթանել սիրիական տնտեսությունը սիրիական նավթի միջոցով: Նման պնդմամբ նա հանդես է եկել Բելգիայից Թուրքիա թռիչքի ժամանակ իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN Turk-ը:
«Իհարկե, դա մեզ համար շատ կարեւոր է: Կամիշլիում (Հասեք նահանգի Ալ-Կամիշլի քաղաք) նավթային պաշարներ կան: Պաշարներ կան նաեւ Դեյր էզ-Զորում, այստեղ ահաբեկիչները («Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումներ) օգտագործում են ռեսուրսները, ասել է նա: Ըստ Թուրքիայի ղեկավարի, այս հանքավայրերի հետ կապված պլաններ ունի ԱՄՆ-ն, իսկ Կամիշլիում հանքավայրի հետ կապված` ՌԴ-ն:
«Ես Պուտինին արեցի հետեւյալ առաջարկը. «Այստեղից ստացված նավթի օգնությամբ մենք կապալային ընկերություն կստեղծենք, եւ եթե դուք ֆինանսապես աջակցեք, ապա մենք քանդված Սիրիան ոտքի կհանենք»,- ասել է Էրդողանը: Նրա պնդմամբ` Պուտինը դրան չի տվել ոչ դրական, ոչ բացասական պատասխան: Ընդ որում, Էրդողանը պատրաստակամություն է հայտնել «նմանատիպ առաջարկություն անել [ԱՄՆ նախագահ Դոնալդին] Թրամփին», եթե Ռուսաստանը համաձայնի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարվա հոկտեմբերի վերջին հայտարարել էր ԱՄՆ զինված ուժերի` Սիրիայի հյուսիսում թուրքական օպերացիայի տարածքից դուրսբերման մասին, սակայն հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել վերահսկողությունը երկրի հյուսիս-արեւելքում գտնվող նավթային հանքավայրերի նկատմամբ: Ավելի ուշ ԱՄՆ ԶՈՒ-ի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլերը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր են պահպանել վերահսկողությունը Դեյր էզ-Զորի այն հատվածի նկատմամբ, որտեղ տեղակայված են նավթագազային օբյեկտները, այդ թվում նաեւ` վերամշակման խոշոր գործարանը, որը երբեմն Conoco են կոչում: Այն կառուցվել է Conocophillips ընկերության կողմից, սակայն ավելի ուշ անցել է Սիրիական պետական գազային ընկերության վերահսկողության տակ, որից, սակայն, երկրում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո այն խլեցին զինված զինյալները:





























