Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի փորձը՝ այցելել Ջուղայի 1300-ամյա հայկական գերեզմանատուն, արգելվել է Ադրբեջանի կառավարության կողմից, որն էլ շուրջ հինգ տարի առաջ կազմակերպել է հայկական մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացումը։  Այս մասին  հայտնում է Ամերիկկայի հայ ազգային կոմիտեն։

«Բրայզան շատ է ուշացել, հինգ տարին շատ ուշ է»,- ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանում ԱՄՆ  դեսպան Մեթյու Բրայզան Նախիջեւանի ինքնավար հանրապետություն կատարած այցի ժամանակ հետաքրքրվել է պատմական հուշարձանների, այդ թվում՝ Հին Ջուղայի հայկական խաչքարերի ճակատագրով։

«Շատ ափսոս, որ ես չկարողացա գնալ Ջուղա եւ տեսնել այդ հին գերեզմանները, սակայն ես այդ ափսոսանքը հայտնեցի Թալիբովին եւ հույս ունեմ, որ հաջորդ այցի ժամանակ կարող եմ այնտեղ լինել։ Մենք բոլոր հուշարձանները պահպանելու կողմնակից ենք»,- ասել էր ԱՄՆ դեսպանը։