Գիտության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է ոչ միայն տեխնիկական առաջընթացի եւ հեշտացրել մարդկության կյանքը, այլեւ, որքան էլ տարօրինակ հնչի, հավելյալ նյարդայնություն են ավելացրել մեր կյանքում:
Պատմությունը, որը մենք կպատմենք, դրա վառ օրինակներից է:
Մարտի 25-ի առավոտյան արթնանալով լավ տրամադրությամբ (քանի որ այդ օրը պետք է աշխատավարձ ստանար)` քաղաքացի Ա.Մ.-ն անգամ չէր կասկածում, թե ինչ տհաճ անակնկալներ է իրեն պատրաստել ճակատագիրը:
«Ես «Առեքսիմբանկի-Գազպրոմբանկի խմբի» հաճախորդ եմ եւ VISA միջազգային համակարգի քարտ ունեմ, եւ, կարելի է ասել, ինձ պաշտպանված էի զգում գողերի ոտնձգություններից: Վերցնում ես N գումար եւ ծախսում, ու պետք չէ գրպանում կանխիկ գումար պահել: Բայց դե: Այդ չարաբաստիկ օրը իմ հաշվին կար 522 հազար 736 դրամ, որից 500 հազարը բանկային վարկի գումարն է` օվերդրաֆթը: Այդ գումարին պետք է ավելանար նաեւ աշխատավարձս: Բայց մոտենալով բանկոմատին եւ ստուգելով` ես պարզապես ապշեցի: Իմ հաշվին, աշխատավարձի ավելացումից հետո ընդամենը 176 հազար 392 դրամ էր»,- պատմեց զրուցակիցը:
Բնականաբար, ստեղծված իրավիճակում քաղաքացի Ա.Մ.-ն միանգամից դիմել է իր «հարազատ» բանկին պարզաբանումների համար:
Այնտեղ նրան «բացատրել են», որ նրա հաշվից 520 հազար դրամը հանվել է մարտի 23-ին 7 անգամից, ժամը 19:20-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող ավտոկայանի բանկոմատից: Մեր զրուցակիցն, իհարկե, փորձել է բացատրել, որ գումարն ինքը չի հանել, եւ անգամ այդ կապակցությամբ հայտարարություն է գրել: Կատավածի համատեքստում VTB-բանկը Առեքսիմբանկի հարցումով ներկայացրել է բանկոմատից արված տեսագրությունը, որտեղ հստակ երեւում է, որ տվյալ պահին եւ տվյալ բանկոմատին է մոտեցել 15-16 տարեկան մի տղեկ եւ շատ հանգիստ յոթ թափից հանել գումարը:
Չնայած ակնհայտ տեսաապացույցներին` Առեքսիմբանկը` գլխավոր տնօրեն Ա.Խանդքարյանի ստորագրությամբ նամակով հրաժարվել է փոխհատուցել իր հաճախորդի վնասները` մեղքը բարդելով հենց նրա վրա: «Ասացին դու ես մեղավոր, ինչ-որ մեկին տվել ես քարտը կամ բացահայտել գաղտնի Pin-կոդը: Պարզվում է, որ Հայաստանի բանկային օրեսնդրությամբ պլաստիկ քարտերի հետ կապված բոլոր ռիսկերի պատասխանատվությունը կրում է քարտատերը»,- հավելել է նա:
Հատկանշական է, որ քաղաքացու հաշվից կեղծ քարտով փորձել են գումար հանել նաեւ երկրորդ անգամ` արդեն մարտի 24-ին Էջմիածնի AGBA բանկի բանկոմատից: «Բայց քանի որ իմ հաշվին ընդամենը 2 հազար դրամ էր, խաբեբաները, հավանաբար, խղճացել են»,- նկատել է Ա.Մ.-ն:
Ի դեպ, քաղաքացու ֆինանսական կորուստները այս ողջ պատմության մեջ չեն սահմանափակվել 520 հազարով:
«Այժմ ես պետք է վճարեմ եւս 18 տոկոս տարեկան իմ չօգտագործած օվերդրավթի համար, եւ այլ մանր-մունր գումար` մոտ 15 հազար դրամի չափով այն գործողությունների համար, որ խաբեբաներն արել են VTB-ի բանկոմատով: Ես, իհարկե, արդեն դիմել են VTB-բանկին` պարզելու, թե ինչ պատասխանատվություն են կրում այս ամենի համար: Դիմում եմ գրել ֆինանսական օմբուդսմենի գրասենյակ: Իսկ Առեքսիմբանկում խոստացել են դիմել իրավապահ մարմիններին: Այժմ պատասխանի եմ սպասում եւ տոկոսներ վճարում»,- ասել է նա:
Արդարության համար պետք է նկատել, որ մեքենայությունների նման դեպքեր տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլեւ գործնականում բոլոր այն երկրներում, որտեղ «տեխնիկական առաջընթացը» թույլ է տալիս օգտվել բանկոմատներից: Այսպես, վերջերս նման մի դեպք գրանցվել էր Օդեսայում, որտեղ երկու հայեր պլաստիկ քարտերով գողացել էին 24 հազար 700 դոլար:





























