Մենք պատրաստ ենք մեծ քանակությամբ տնկիների մատակարարմանը՝ իարականացնելու համար Հայաստանում 10 մլն ծառեր տնկելու ծրագիրը: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի անտառտնտեսության նախարար Վիտալի Դրոժան:
Նա միաժամանակ խոստովանեց, որ այս հարցը լրացուցիչ քննարկումների կարիք ունի: «Բելառուսում անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 40 տոկոսը, մինչդեռ Հայաստանում դրանք կազմում են միայն 11 տոկոսը, եւ մենք պատրաստ ենք աջակցել 2050 թվականին այս թվերը կրկնապատկելու նախագծի իրականացմանը: Մենք անտառտնտեսության վարման լավ փորձ ունենք՝ սկսած եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ տնկիների աճեցումից, ավարտած վարչարարությամբ եւ փայտահատմամբ»,- նշեց Դրոժան:
Հիշեցնենք, որ Հայաստանում նախատեսվում է տնկել 10 մլն ծառ:





























