Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) ու «Ջի Էքս Փի» գերազանցության կենտրոնի համագործակցությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ թեւակոխել է մի նոր փուլ, որը բացում է Հայաստանից դեղագործական արտադրանքի արտահանման եւ հանրապետության դեղաշուկայի զարգացման նոր հեռանկարներ։ Կարեւորելով դեղագործության ոլորտի մարքեթինգի բարձրակարգ մասնագետների պատրաստումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է ԴԱՆ Միության եւ «Ջի Էքս Փի» կենտրոնի կողմից համատեղ ներկայացված «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացի ծրագիրը, իսկ օրերս նախարար Տիգրան Դավթյանը վավերացրել է «Ջի Էքս Փի» կենտրոնի նշված դասընթացի 9 շրջանավարտների հավաստագրերը։
Նշենք, որ դասընթացը մշակվել է միջազգային հայտնի փորձագետ Գերրիտ թեն Հունտեի հետ համագործակցությամբ եւ ուղղված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացահայտմանն ու կիրառմանը։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառվում են համաշխարհային դեղագործական արդյունաբերությունում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հնարավոր ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություն։ Դասընթացի ժամանակ ուսումնասիրվում են հայաստանյան եւ արտերկրի տարածաշրջանային շուկաներում դեղագործական մարքեթինգի ժամանակակից ռազմավարությունները եւ մեթոդները։





























