Կորոնավիրուսի տարածման հանդեպ ներդրողների վախերը հանգեցրել են ամբողջ աշխարհում արժեթղթերի շուկաների փլուզման: Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տնտեսության խթանման համար, բայց դրանք անբավարար են անկումը կասեցնելու համար, փոխանցում է BBC-ն:

Բրիտանիայում արժեթղթերի շուկան 10 տոկոսի անկում է ունեցել, ինչը 1987 թվականից սկսած ամենասրընթաց անկումն է: ԱՄՆ-ում կտրուկ նվազել են Dow Jones-ի եւ S&P 500-ի ինդեքսները՝ հասնելով նույնպես 1987 թվականից վատթարագույն ցուցանիշի:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը եւ Եվրոպական կենտրոնական բանկը տոկոսադրույքները նվազեցրել են, բայց սա ներդրողներին չի հուսադրել:

Հինգշաբթի նյույորքյան ֆոնդային բորսան բացելուց հետո կտրուկ անկումը հանգեցրել է անգամ սակարկությունների ժամանակավոր դադարեցման՝ այս շաբաթ արդեն երկրորդ անգամ:

Երբ 15 րոպե հետո սակարիկությունները վերսկսվել են, բաժնետոմսերը շարունակել են նվազել, ինչը մասամբ եվրոպական շուկաների փլուզման հետեւանք է:

S&P 500-ի ինդեքսն ընկել է 9,5 տոկոսով, Nasdaq-ի ինդեքսը՝ 9,4 տոկոսով:

FTSE 100 բրիտանական առաջատար ինդեքսի անկումը հանգեցրել է 160 մլրդ ֆունտի կորստի: Ֆրանսիայում եւ Գերմանիայում ինդեքսներն ընկել են ավելի քան 12 տոկոսով:

«Շուկաները սահմանի վրա են,- ասել է Markets.com պորտալի ավագ վերլուծաբան Նիլ Ուիլսոնը: - Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի տնտեսության ամբողջական դադարեցումը, նույնիսկ ժամանակավոր»:

Փլուզման հանգեցրեց նաեւ ԱՄՆ նախագահի որոշումը Եվրոպայից երկիր մուտքի արգելքի մասին: Սա հանգեցրեց տուրիստական ընկերությունների բաժնետոմսերի սրընթաց անկման:

Արժեթղթերի շուկաները փլուզվել են նաեւ Ասիայում: Ճապոնական Nikkei 225 առանցքային ինդեքսը մեկ օրում 4,4 տոկոսի կորուստ է ունեցել:

Համաշխարհային շուկաները վերջին շաբաթներին կորցրել են 20 տոկոսից ավելի՝ իր վերջին լավագույն ցուցանիշների հետ համեմատած, ինչը վկայում է ռեցեսիա սկսվելու հնարավորության մասին:

Արեւմուտքի երեք կենտրոնական բանկեր իրենց ամբողջ հզորությունն ուղղել են կորոնավիրուսի առաջացրած տնեսական աճի դանդաղման դեմ, բայց առանց առանձնակի հաջողության:

Ֆոնդային շուկաների անկումը շարունակվում է: Հինգշաբթին դարձել էր FTSE 100-ի պատմության մեջ վատագույն օրը՝ 1987 թվականի հոկտեմբերին «Սեւ երկուշաբթիի» պահից սկսած: Դիտորդները գուշակում են, թե որ լուրերը կարող էին վախեցնել ներդրողներին՝ հաշվի առնելով, որ վերջին 10 օրում կենտրոնական բանկերը բոլոր ջանքերը ներդրել էին անկումը կասեցնելու համար:

Ներդրողներին կարող էր շոկի մատնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը մայրցամաքային Եվրոպայի երկրների մեծամասնությունից ԱՄՆ մուտքը փակելու մասին, իսկ հատկապես այն, թե դա ինչպես էր ընդունվել:

Դրանից բացի, արժե ուշադրություն դարձնել փոքր, բայց կարեւոր դետալի վրա: Թրամփը սկզբում հայտարարել էր, որ արգելքը տարածվում է բեռնափոխադրումների վրա, բայց հետո իրեն ուղղել էր եւ ասել, թե դա այդպես չէ: Սակայն բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ուղեւորատար օդանավերի բեռների հատվածներով: Քաղաքացիական չվերթների բացակայությամբ կտրուկ կկրճատվեն նաեւ բեռնափոխադրումները, իսկ դա ուժգին կհարվածի Ատլանտիկայի երկու կողմերի արտահանողներին եւ արտադրողներին: