Գվատեմալայի նախագահ Ալեհանդրո Ջամաթեին հայտնել է երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես ստիպված եմ ընդհատել: Այդ զանգը ես չէի ցանկանա ստանալ: Հիվանդը Գվատեմալայի քաղաքացի է, որը երեկ ժամանել է Իտալիայից իր ընտանիքի հետ. այժմ դա պաշտոնական տեղեկատվություն է. մեզ մոտ գրանցվել է առաջին դեպքը»,-հայտարարել է Ջամաթեին մամուլի ասուլիսի ժամանակ, որը նա ընդհատել էր հեռախոսազանգին պատասխանելու համար:
Նախագահն ընդգծել է, որ կառավարությունը համարում է, որ երկրում վիրուսի ներթափանցման դեմ պայքարի միջոցներն արդյունավետ են եւ հավելել, որ հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց անմիջապես օդանավակայանից:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է պանդեմիա COVID-19 նոր կորոնավիրուսի կապակցությամբ: Աշխարհում վարակվել է ավելի քան 130 հազար մարդ ավելի քան 120 երկրներում, մեծամասնությունն ապաքինվել է, սակայն մահացել է ավելի քան 5 հազար մարդ:





























