Ճապոնիայի Սիմանե պրեֆեկտուրայի ոստիկանությունը կալանավորել է տեղացու, որը ներկայացել է կորոնավիրուսով վարակված եւ խափանումներ է առաջացրել պրեֆեկտուրային երկաթուղային կայարանի աշխատանքում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ճապոնական հանրային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ 44-ամյա գործազուրկ տղամարդը երկաթուղային կայարաններից մեկում բղավել է, որ «եթե որեւէ մեկն իրեն մոտենա ավելի, քան մեկ մետրը, ինքը նրան կվարակի» կորոնավիրուսով եւ շինծու հազացել է՝ իր վրա ուշադրություն հրավիրելու համար: Մինչդեռ Սիմանե պրեֆեկտուրայում նոր կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք դեռ չէր գրանցվել: Ոստիկանությունում հարցաքննվելիս տղամարդը խոստովանել է, որ կորոնավիրուսի առկայության ստուգում չի անցել, նրա մոտ չեն հայտնաբերվել նաեւ հիվանդության ոչ մի իրական ախտանշաններ:
Վերջին տեղեկություններով՝ Ճապոնիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է գրեթե 1,4 հազար, ներառյալ Diamond Princess զբոսաշրջային նավի 697 ուղեւորները եւ անձնակազմի անդամները, որը գրեթե մեկ ամիս Յոկոհամայի նավահանգստում կարանտինի մեջ էր: Մահացել է 28 մարդ, ներառյալ նավի 7 ուղեւորները:
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն համավարակ է ճանաչել: Վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 120 երկրներում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ աշխարհում ընդհանուր վարակվել է գրեթե 137 հազար մարդ, 5 հազարից ավելին մահացել է:





























