Ֆիլիպինների իշխանությունները երկրի մայրաքաղաք Մանիլայում գիշերային պարետային ժամ են մտցնում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, հայտնում է Associated Press-ը:

Դրանից զատ, երկրի իշխանությունների կարգադրության համաձայն՝ մայրաքաղաքային շրջանի միլիոնավոր բնակիչներ պետք է իրենց տներից դուրս գան միայն ցերեկային ժամերին՝ աշխատանքի գնալու կամ այլ շտապ գործերի համար:

Երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հայտարարած այսպիսի ծայրահեղ միջոցները բնակչության շրջանում հակասական տրամադրությունների ալիք են հարուցել՝ իշխանություններին ստիպելով կիրակիից մայրաքաղաքում մտցվող սահմանափակումների կապակցությամբ մանրամասներով հանդես գալ:

Մասնավորապես՝ իշխանությունների ընդունած միջոցների թվում է մայրաքաղաքային շրջանից, որտեղ բնակվում է ավելի քան 12 մլն մարդ, ցամաքով, օդով եւ ծովով ճանապարհորդությունների արգելքը:

Դրանից բացի, արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումները եւ բոլոր դպրոցներում դասերը: