Կիրակի Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է հրաման երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին կորոնավիրուսի տարածման վտանգի առնչությամբ: Երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 15-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ղազախստանի Հանրապետությունում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարում եմ՝ COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության կապակցությամբ Ղազախստանի Հանրապետության օրենսդրության համաձայն եւ քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով սահմանել արտակարգ դրության ռեժիմ Ղազախստանի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ին՝ ժամը 08:00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 07.00-ն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դեռ ավելին, արտակարգ դրության ընթացքում կստեղծվի նախագահին կից արտակարգ դրության ռեժիմն ապահովելու գործով պետական հանձնաժողով:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմում Ղազախստանի տարածք մուտքն ու երկրից ելքը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների՝ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամների համար, որոնք ժամանում են Ղազախստան երկրի ԱԳՆ հրավերով: