ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կորոնավիրուսից տնտեսությանը հասցված վնասը մեղմելու նպատակով նվազեցրել է բազային տոկոսադրույքը 1 տոկոսային կետով` մինչեւ 0-0.25 տոկոս, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով` դրույքաչափը կպահպանվի այդ սահմաններում այնքան ժամանակ, մինչև ԴՊՀ-ն «վստահ չլինի, որ տնտեսությունը դիմակայել է վերջին իրադարձություններին եւ գտնվում է զբաղվածության եւ գնային կայունության առավելագույն նպատակներին հասնելու ճանապարհին»:

Միջոցառումները,  ըստ գործակալության, թույլ կտան ավելացնել ԱՄՆ կենտրոնական բանկի պարտատոմսերը 700 միլիարդ դոլարի չափով:

Համակարգը նաեւ հնարավորություն կտա բանկերին վարկեր վերցնել դիսկոնտային պատուհանից մինչեւ 90 օր ժամկետով եւ նվազեցնել պահուստային պահանջները մինչու զրոյական տոկոս: