Չինաստանում արդյունաբերական արտադրությունը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 13.5 տոկոսով: Նշվում է, որ վերլուծաբանները միջինում 1.5 տոկոսանոց աճ էին կանխատեսում նշված ժամանակահատվածի համար, հայտնում է Reuters-ը: Սա ամենաթույլ ցուցանիշն է 1990 թվականի հունվարից ի վեր: Անկումը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկումով, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Հիմնական կապիտալում ներդրումները նվազել են 24.5 տոկոսով: Մանրածախ առեւտուրը նույնպես անկում է ապրել` տարեկան կտրվածքով 20.5 տոկոսով: Գործակալությունը դա վերագրում է այն փաստին, որ պոտենցիալ սպառողները փորձում են խուսափել մարդաշատ վայրերից` COVID-19-ով վարակվելու վախի պատճառով:

COVID-19-ով վարակման առաջին դեպքերի մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի վերջին: Հիվանդության էպիկենտրոնը չինական Ուհան քաղաքն էր: Այժմ աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 169 հազարը: