Brent նավթի գինը կորցրել է 12,7 տոկոս եւ ժամը 17։31-ի դրությամբ նվազել է մինչեւ 29,55 դոլար՝ մեկ բարելի համար, վկայում են ICE բորսայի տվյալները։ WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը ժամը 17։32-ի դրությամբ նվազում է 10,75 տոկոսով՝ մինչեւ 28,32 դոլար՝ բարելի համար, հայտնում է РБК-ն։

Նավթի գների անկումը շարունակվում է համաշխարհային տնտեսության դանդաղման եւ պահանջարկի անկման մտավախությունների պատճառով։ Դաշնային պահուստային համակարգը եւ այլ խոշորագույն կենտրրոնական բանկեր չեն կարողացել կայունացնել շուկաները։

Ներդրողների տրամադրությունների վրա բացասաբար է ազդել մակրոտնտեսական վիճակագրությունը։ Արդյունաբերական արտադրության ծավալը Չինաստանում կտրուկ կրճատվել է՝ կապված կորոնավիրուսի տարածման եւ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման հետ։ Հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը Չինաստանում ընկել է 13,5 տոկոսով։ Անկումը ռեկորդային է դարձել վերջին 30 տարիների ընթացքում։

Նավթի գնումների ծավալը մեծացնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չի կարողացել կանգնեցնել գնանշումների անկումը։

Dow Jones Industrial Average-ի արդյունաբերական ինդեքսը ընկել է 9,71 տոկոսով՝ մինչեւ 20935,16 նիշ՝ 17։32-ի դրությամբ, վկայում են սակարկումների տվյալները։

S&P500 լայն շուկայի ինդեքսը ընկել է 8,14 տոկոսով՝ մինչեւ 2490,47 նիշ, իսկ NASDAQ Composite-ի տեխնոլոգիական ինդեքսը՝ 6,12 տոկոսով, մինչեւ 7392,73 նիշ։

Որոշ փորձագետներ հաստատում են, որ ԴՊՀ գործողությունները արդարացված են, սակայն դրանց հայտարարման անհաջող ժամանակ է ընտրվել՝ Դրամային քաղաքականության հանձնաժողովի պլանային նիստից 3 օր առաջ եւ ասիական շուկաների բացումից առաջ։  է

Վերլուծաբանները կարծում են, որ ներդրողները հազիվ թե որեւէ բան գնեն այնքան ժամանակ, քանի դեռ համաճարակը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում դեպի անկում չի գնացել։ «Կենտրոնական բանկերը խաղացին իրենց դերը վերջին մի քանի շաբաթներին, եւ այժմ հենց գլոբալ քաղաքական գործիչները՝ G-7-ի եւ G-20-ի առաջնորդները, պետք է առաջիկա շաբաթներին եւ ամիսներին ակտիվացնեն լայնամասշտաբ ֆիսկալային միջոցառումները»,- նշել է Մայքլ Խյուսոնը՝ Markets UK-ից։