Պետական նավթային հսկա Saudi Aramco-ն հայտարարել է, որ, հավանաբար, կաջակցի ապրիլ-մայիսին նախատեսված նավթի արդունահանման աճին, փոխանցում է Reuters-ը:
Aramco-ն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ շուկայում բաժնի համար պայքարում ապրիլին արդյունահանումը կավելացնի մինչեւ ռեկորդային՝ օրական 12,3 մլն բարել:
«Կարճ ասած՝ Saudi Aramco-ն կարող է աջակցել (նավթի) անչափ ցածր գինը եւ այն կարող է պահպանել երկար ժամանակ,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ամին Նասերը՝ ներդրողների եւ վերլուծաբանների հետ հանդիպմանը ներկայացնելով եկամուտների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: - Ինչ վերաբերում է մայիսին արտադրության ծավալներին... Ես կասկածում եմ, որ դրանք կտարբերվեն հաջորդ ամսվանից»:
Նրա խոսքով՝ արտադրության եւ արտահանման աճը դրական կանդրադառնա ընկերության վրա, չնայած նավթի ցածր գներին:
Ֆինանսական տնօրեն Հալիդ ալ Դաբաղն ասել է, որ Aramco-ն իրեն անչափ հարմարավետ» է զգում նավթի բարելի դիմաց 30 դոլար գնի պարագայում եւ այս գնով դեռեւս կարող է կատարել իր դիվիդենդային պարտավորություններն ու բաժնետերերի սպասումները:
«Մենք կարող ենք կատարել դիվիդենդների վճարման մեր պարտավորությունները, եւ մեզ համար անչափ հաճելի է, որ կարող ենք արդարացնել մեր բաժնետերերի սպասումները (բարելի դիմաց) 30 դոլար կամ անգամ ավելի ցածր գնի պարագայում»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ Aramco-ն ներկայումս դիտարկում է նավթի առավելագույն արդյունահանումը օրական եւս 1 մլն բարելով ավելացնելը՝ օրական մինչեւ 13 մլն բարել:
Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ ավելի քան մեկ տասնամյակում առաջին անգամ գործարկելու է արտադրական հզորությունների մեծացման ծրագիր՝ Ռուսաստանին եւ մյուս միցակիցներին ազդանշան տալով, որ արտադրության մակարդակների եւ շուկայում բաժնի համար ինքը պատրաստ է երկարատեւ ճակատամարտի:




























