Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն սկսում է արտագնա ցուցահանդեսների շարքը` միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին ծանոթացնելու նպատակով: Շարքը մեկնարկեց թանգարան-ինստիտուտում բացված «Հայոց ցեղասպանությունն ու Սկանդինավյան արձագանքը» ցուցադրությամբ:
Ինչպես այսօր` ապրիլի 23 –ին հրավիրված ասուլիսում նշեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, տարվա ընթացքում տվյալ ցուցադրությունը կներկայացվի Օսլոյում, Կոպենհագենում եւ Ստոկհոլմում:
Ցուցանմուշները ներկայացնում են Սկանդինավյան երկրների արձագանքը կատարված ոճրագործությանը եւ միտված են բարձրացնելու Շվեդիայի, Նորվեգիայի եւ Դանիայի հասարակությունների իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության հարցում:
Դեմոյանի խոսքով` նախատեսվում է նաեւ ցուցահանդեսների անցկացում Փարիզում, Բուենոս Այրեսում եւ Լոնդոնում: Ապագայում աշխարհագրությունն ավելի կընդլայնվի: «Մենք մտադիր ենք տարբեր երկրների հանրությանը ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը տվյալ ժողովրդի պատմության համատեքստում», - նշեց Դեմոյանը:





























