Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակում է համալրել հավաքածուն: Ինչպես այսօր` ապրիլի 23-ին հրավիրված ասուլիսում նշեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ամեն տարի հավաքածուն համալրվում է մոտ 10 տոկոսով, ընդ որում` խոսքը բնօրինակների մասին է: Այս տարի հաջողվել է ձեռք բերել բացառիկ ցուցանմուշներ, այդ թվում` փաստաթղթեր եւ լուսանկարներ:

«Մենք գումարներ չենք խնայում ցուցանմուշների ձեռք բերման համար»,- նկատեց Դեմոյանը` այդ համատեքստում երախտագիտություն հայտնելով նաեւ մի շարք հայ եւ օտարերկրացի մեկենասների:

Հավաքածուները համալրելուն զուգահեռ` թանգարան-ինստիտուտը  զարգացնում է նաեւ համագործակցությունն  արտասահմանցի գործընկերների հետ, ավելի սերտ գործակցում է Բուդապեշտում Հոլոքոստի թանգարանի հետ:

Բացի ձեռքբերումներից` Դեմոյանն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին: Այդ թվում` թանգարանի տարածքի ընդլայնմանը: Նա հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: