Նյու Յորքի բնակիչները պետք է պատրաստ լինեն տնից դուրս գալու հնարավոր արգելքի սահմանմանը՝ կապված կորոնավիրուսի տարածումը զսպելու հետ, երեքշաբթի օրը հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։
Տնից դուրս գալու արգելքը, ամենայն հավանականությամբ, կընդունվի հաջորդ 48 ժամվա ընթացքում, հայտարարել է Բլազիոն։ Երեքշաբթի կեսօրի վիճակով քաղաքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 814 հաստատված դեպք, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նյու Յորքը ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքն է՝ 8,5 մլն բնակչությամբ։
Քաղաքային իշխանությունները երկուշաբթի երեկոյան նաեւ լաբորատորիաների BioReference Laboratories ցանցի հետ օրական 5000 կորոնավիրուսի թեսթ անելու համաձայնագիր են ստորագրել, ասել է քաղաքապետը։
Բլազիոն նաեւ արգելել է տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ Uber-ում եւ Lyft-ում մի քանի ուղեւորների համատեղ փոխադրումը, թեեւ երկու հարազատների եւ զույգերին կթույլատրվի համատեղ ուղեւորություն կատարել։
Քաղաքային ոստիկանական վարչությունը ստացել է ցուցումներ, որոնց համաձայն, ոստիկանները բաժանմունք չպետք է տանեն շնչառական հիվանդության ախտանիշներ ունեցողներին։ Քաղաքը նաեւ պլանավորում է բանտերից ազատել մանր հանցագործություններ կատարած մարդկանց, հավելել է Բլազիոն։
Նա ինչպես գործող, այնպես էլ թոշակի անցած բուժաշխատողներին կոչ է արել իրենց անունները մտցնել պահուստային ցուցակի մեջ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց աշխատանքի կանչեն։





























