Հնարավոր է, որ նավթի համաշխարհային պահեստարանների տարողությունն արդեն առաջիկա ամիսներին իր բարձրակետին հասնի վառելիքի պահանջարկի միաժամանակյա անկման եւ շուկայում առաջարկի ավելցուկի պատճառով: Այս մասին նշում է բրիտանական Financial Times պարբերականը՝ վկայակոչելով խոշորագույն էներգետիկ թրեյդերներին:

Նավթի պահանջարկի անկումը կարող է սկսվել ռեկորդային արագ տեմպերով, քանի որ մի ամբողջ արդյունաբերական զարգացած երկրներ մեկուսացման մեջ կհայտնվեն, իսկ խոշոր քաղաքները վճռական միջոցներ կընդունեն՝ փորձելով դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը: Այսպես, փորձագետների գնահատմամբ,  ապրիլին պահանջարկը կարող է նվազել օրական 5 մլն բարելով (համաշխարհային ընդհանուր պահանջարկի մոտ 5 տոկոսը): Իսկ տնտեսության դանդաղումը շարունակվելու դեպքում պահանջարկի անկումը արդեն այս գարնանը կարող է հասնել նաեւ օրական 25 մլն բարելի:

Մյուս կողմից՝ նավթի շուկայում գնային պատերազմը միայն կմեծացնի առաջարկի ավելցուկը: Այսպես՝ Սաուդյան Արաբիայից նավթի մատակարարումները քառորդ մասով կավելանան, իսկ Ռուսաստանն ու ԱՄԷ-ն շուկայում բաժնի պայքարում նույնպես կմեծացնեն արդյունահանման ծավալները: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ նավթի պրոֆիցիտը կկազմի օրական 8 մլն բարելից ոչ պակաս, նշված է հոդվածում: Ընդ որում՝ նավթի գնանակումը կարող է շարունակվել, ինչը որոշ արդյունահանողների պետք է խթանի կրճատել շահագործման ծավալները կամ փակել հանքավայրերը:

Այսպիսով, համաշխարհային ցամաքային պահեստարանների հզորությունները չեն կարող ամբողջությամբ ծածկել շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ այդպիսի տարբերությունը, նշում է FT-ն: Թրեյդերների հաշվարկներով՝ պահեստարանների տարողությունն արդեն հիմա անցնում է 61 տոկոսից, եւ ոչ պակաս, քան կես տարի հետո դրանք իսպառ կլցվեն:

Այդ դեպքում թրեյդերները ստիպված կլինեն անցնել իրենց համար պահելու ամենաթանկ միջոցին՝ ծովում անմիջապես լցանավերի մեջ: Սակայն դա բավական դժվար կլինի անել, քանի որ շուկան նավթով հեղեղելու Սաուդյան Արաբիայի ձգտումը հանգեցրել է լցանավերի գների ավելի քան կրկնապատիկ աճի, ամփոփում է պարբերականը:

Շուկայի իրավիճակի մասին

ՕՊԵԿ+ երկրները մարտի սկզբին չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի երկարաձգման հարցի շուջ: ՕՊԵԿ-ն առաջարկում էր մինչեւ 2020 թվականի վերջը արդյունահանումը լրացուցիչ կրճատել օրական 1,5 մլն բարելով՝ ի պատասխան կորոնավիրուսի պատճառով պահանջարկի նվազմանը եւ դրան հաջորդած նավթի գնանկմանը: Ռուսաստանը, սակայն, համաձայն էր գործարքը երկարացնել միայն նախկին պայմաններով:

Սաուդյան Արաբիան հայտարարեց ապրիլից արդյունահանումը օրական մինչեւ 12,3 մլն բարել մեծացնելու ծրագրերի մասին: Հետագայում նախատեսվում էր աշխարհի խոշորագույն նավթ արտադրողներից մեկի՝ պետական Saudi Aramco-ի արդյունահանման հզորությունները ընդլայնել օրական 12-ից մինչեւ 13 մլն բարել: Ռուսաստանը նույնպես հայտարարեց արդյունահանումը օրական 200-300 հազար բարելով արագ մեծացնելու հնարավորության մասին, իսկ հեռանկարում՝ 500 հազար բարելով:

Brent տեսակի նավթի ֆյուչերսի գինը՝ 2020 թվականի մայիսյան մատակարարումներով Լոնդոնի ICE բորսայում մարտի 18-ի սակարկությունների ժամանակ նվազում է 1,5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 28,3 դոլարի: WTI տեսակի նավթն էժանանում է 2,7 տոկոսով: