Երեւանում օրեր առաջ տեղի ունեցած մահացու ելքով վրաերթի գործով նոր հանգամանքներ են պարզվում:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցում, Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի դիմաց, ապրիլի 15-ին, ժամը 00:30-ի սահմաններում տեղի էր ունեցել վրաերթ: Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մի կնոջ` 51-ամյա Արեւիկ Սամվելյանին, ով տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, գլխավոր վարչություն բերման էին ենթարկել Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի բնակիչ, 52-ամյա Խաչիկ Առաքելյանին: Վերջինս Հայաստանի արհեստական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալն է:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի իրական հեղինակը Խաչիկ Առաքելյանը չէ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից հարուցված քրեական գործը այսօր` ապրիլի 23-ին ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, քանի որ ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Ստեփանյանի կողմից ձեռք բերված ապացույցներով պարզվել է, թե իրականում վրաերթը ոչ թե Խաչիկ Առաքելյանն է կատարել, այլ նրա որդին` ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության օտարերկրացիների հաշվառման եւ վիզաների բաժնի տեսուչ Արթուր Առաքելյանը:
Հենց նա է վարել «Պրադո» մակնիշի 99 LO 333 համարանիշի ավտոմեքենան եւ վրաերթի է ենթարկել 51-ամյա Արեւիկ Սամվելյանին եւ դիմել փախուստի: «Պրադոն» տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























