Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել այս տարվա բյուջեի ծախսերը նավթի գների անկման պատճառով: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Մոհամմադ ալ-Ջադաանը, հայտնում է SPA սաուդյան պետական լրատվական գործակալությունը, փոխանցում է «Լենտա»-ն:

Մինչ այժմ տուժել են ամենաքիչ նշանակության հոդվածները, որոնք զրկվել են 13.32 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորումից: Այդ գումարը, ընդհանուր առմամբ, կազմում է բյուջեի մոտ հինգ տոկոսը:

Ալ-Ջադաանը չի բացառել, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի սրման եւ նավթի շուկայում նոր խնդիրների դեպքում ծախսային հոդվածները կարող են վերանայվել:

Նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին, որը լուրջ հարված է հասցրել համաշխարհային պահանջարկին: Սակայն գները սկսել են անկում ապրել ՕՊԵԿ+-ի գործարքի փլուզումից հետո, երբ Ռուսաստանը չէր ընդունել առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան եւ կազմակերպության նրա գործընկերները չէին համաձայնել երկարաձգել նավթի արդյունահանման կրճատումը: Արդյունքում, ապրիլի 1-ից պայմանագրի կողմերը զրկվում են արդյունահանման հետ կապված ցանկացած պարտավորությունից եւ արդեն ծրագրել են դրա ավելացումը: Բոլորից ավելի կտրուկ արձագանքեց Սաուդյան Արաբիան, որը խոստացավ ավելացնել նավթի մատակարարումն օրական  երեք միլիոն բարելով, ինչպես նաեւ վերջին տասը տարվա ընթացքում ռեկորդային զեղչ առաջարկեց: Այսպիսով, թագավորությունը մտադիր է ավելացնել շուկայում իր մասնաբաժինը եւ նեղել մրցակիցներին, առաջին հերթին` Ռուսաստանին:

Նշենք, որ երկու շաբաթվա ընթացքում նավթի գներն ընկել են գրեթե երկու անգամ: Մարտի 19-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը 26 դոլար է կազմել բարելի դիմաց, իսկ WTI նավթինը` 23 դոլար բարել դիմաց: