Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարող է արգելել ԵՏՄ-ից չափազանց կարեւոր դեղորայքի եւ բժշկական մի շարք այլ ապրանքների արտահանումը COVID-19-ի համավարակի պատճառով, հետեւում է ՌԴ կառավարության՝ կորոնավիրուսի պայմաններում տնտեսության կայուն զարգացման ապահովման ծրագրից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԵՏՄ շրջանակում մտցնել ոչ սակագնային կարգավորում արգելքի տեսքով չափազանց կարեւոր դեղորայքի, բժշկական սարքավորումների եւ նյութերի, պաշտպանական եւ հիգիենիկ միջոցների արտահանման համար»,- նշված է փաստաթղթում:

Նախատեսվում է, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը ընդունվելու է մարտի 25-ին, ԵՏՀ Խորհրդի որոշումը՝ ապրիլի 15-ին: Ռուսական կողմի պատասխանատու կատարողներ են նշանակվել էկոնոմիկայի զարգացման, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունները ու Դաշնային մաքսային ծառայությունը:

ԵՏՀ մամուլի ծառայությունը հինգշաբթի հայտնել էր, որ հանձնաժողովի շրջանակում ստեղծվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մոնիթորինգի եւ օպերատիվ արձագանքման միջոցառումների մշակման ժամանակավոր համակարգող խորհուրդ: Նախատեսվում է, որ այն ԵՏՄ պետություններին օգնելու է վիրուսի դեմ պայքարում, ինչպես նաեւ հարթակ է դառնալու բնակչության առողջության պաշտպանության համաձայնեցված գործողությունների եւ հանձնարարականների մշակման համար: