Գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Գրիշա Բաղյանը զավեշտալի է համարում մամուլի տեղեկություններն այն մասին, որ անտեղյակ է գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բաղյանը նշեց, որ շուրջ 30 տարի գյուղատնտեսության ոլորտում է աշխատել, եղել է Առաջին գումարման գերագույն խորհրդի գյուղի եւ գյուղի զարգացման հանձնաժողովի անդամ: «Ես գյուղատնտեսության նախարարության կոնկրետ ոլորտում` Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ եմ  աշխատել 2004 թվականից:

Չեմ հասկանում, թե ի՞նչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են` ոլորտին անտեղյակ»,- տարակուսեց Բաղյանը: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ եղած ժամանակ Բաղյանը  զբաղվել է «լիցենզիաներ վաճառելով», ապա նման խոսակցությունները գյուղատնտեսության փոխնարարարը անհեթեթություն որակեց: «Գյուղնախարարությունում լիցենզիաների խնդրով զբաղվող կոնկրետ կառույց կա, որի աշխատանքերի հետ ես ընդհանրապես կապ չունեմ եւ չեմ ունեցել: Իմ ոլորտը եղել է անասնապահություն, անասնաբուծություն, գյուղատնտեսական մթերքների վերահսկողություն եւ այլն»,- արձագանքեց ոլորտի նախկին պատասխանատուն:

Ի դեպ, մամուլը Բաղյանին է վերագրում նաեւ Հայաստանից Իրան, Արաբական Էմիրություններ «ոչխարների արտագաղթը», որը, ըստ լուրերի, մեծ եկամուտներ է ապահովել նրան, այն աստիճան, որ Բաղյանը ձեռք է բերել սուպերմարկետների ցանց: Գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարարն այս առթիվ ասաց. «Վա՞տ ա, որ մեր երկիրը մեծ թվով ոչխարներ է արտահանել արտերկիր: Արտահանումը խթանել, որ երկրում ոչխարաբուծությունը զարգանա: Սովետական տարիներից  սկսած մենք ոչխարի բրդի եւ մսի իրացման խնդիր ունեինք, իսկ այժմ այդ խնդիրը լուծվել է` շնորհիվ իրանական շուկայի» ,-նկատեց Բաղյանը: Նա նաեւ հերքեց սուպերմարկետներ ունենալու մասին լուրը: «Երանի ձեր ասածի պես լիներ, իսկապես տիրապետեի այդ ամենին»,- ասաց նա: