Հարկ է նշել, որ Հայաստանում արդեն երկու շաբաթ է՝ ֆինանսական ճգնաժամ է առաջացել, եւ այդ երկու շաբաթից մեկ շաբաթը գտնվում ենք արտակարգ դրության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կառավարության կողմից ճգնաժամային վարկային պորտֆելների ձեւավորումը կօգնի աջակցել երկրի տնտեսությանն ու ընդհանուր առմամբ բիզնեսին:
Պատգամավորը նկատեց, որ այդ ժամանակահատվածում այդպես էլ չի պատրաստվել կամ առաջարկվել գոնե մեկ իրավաբանական փաստաթուղթ, որը, Թանդիլյանի կարծիքով, պետք է միաժամանակ գործի արտակարգ դրության ռեժիմի հետ:
«Այս պահին կառավարությունը՝ դեռ հայտարարությունների տեսքով, առաջարկում է մեկ մեխանիզմ՝ 25 մլրդ դրամի չափով, ինչը տվյալ իրավիճակում լավագույն որոշումը չէ: Տնտեսության շատ ոլորտներում ընկերությունները վնաս են կրում, եւ պետությունը պարզապես պետք է փոխհատուցի այդ վնասներից որոշները՝ բյուջետային ծախսերի հաշվին, այլ ոչ թե վարկ տրամադրի, որը մարման ենթակա է: Վարկերի փոխարեն կառավարությունը պետք է անվերադարձ ֆինանսական աջակցություն տրամադրի գրանտների տեսքով: Իսկ սոցիալական աջակցության տրամադրման հարցով 25 մլրդ դրամի չափով ծրագիրը եւ 80 մլրդ դրամի չափով զարգացման ծրագիրը դեռեւս նախնական փուլում են գտնվում, եւ պարզ չէ, թե արդյոք կտրամադրվեն էկոնոմիկայի աջակցման համար: Ճգնաժամի պայմաններում ամեն օրը թանկ է»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ դա նույնն է, եթե մարդը հիվանդ պառկած լինի, իսկ բժիշկները խորհուրդ տան իրեն լավ զգալ, քանի որ շուտով կսկսեն բուժումը:
Հարցին, թե արդյոք գործարարներն էլ ավելի մեծ կախվածության մեջ չեն լինի բանկերից, պատգամավորը պատասխանեց, որ ակնհայտ է, որ այսօր երկրի տնտեսության զգալի մասը բանկերում վարկեր է կուտակել, որոնց վճարումները համարվում են բիզնեսի ծախսերի հիմնական կետերից մեկը, եւ ֆինանսական ծանրաբեռնվածության հավելյալ մեծացումը հավելյալ բեռ կստեղծի բիզնեսի համար:
Միեւնույն ժամանակ այդ ծրագիրը, նրա խոսքով, մասնավոր սեկտորում գործող բանկերին առաջարկում է բաշխել ռիսկերը:
«Ակնհայտ է, որ բանկերը նման վարկեր տրամադրելու որեւէ պարտավորություն չունեն, իսկ կառավարությունը, իր հերթին, որեւէ մեխանիզմ չունի բանկերին տվյալ ծրագրի իրականացումը պարտադրելու համար: Միեւնույն ժամանակ, փոքր բիզնեսի մոտ էական խնդիրներ են առաջացել: Խոսքը հանրային սննդի, սպասարկման, առեւտրի ոլորտի փոքր կետերի մասին է: Դրանք բոլորը մի քանի միլիոն դրամի չափով պարտքեր են կուտակել: Այնպես որ, այդ ծրագիրը բավական ժամանակատար է եւ անարդյունավետ փոքր բիզնեսի համար: Արդյունքում բանկերն այդ ծրագիրն օգտագործում են իրենց լավ հաճախորդներին վարկեր տրամադրելու համար: Օրինակ, կառավարությունում ոչ ոք չի գնահատի, թե արդյոք այս կամ այն ընկերությունը աշխատակիցներին աշխատավարձ վճարելու առումով որեւէ խնդիր ունեցել է, թե՝ ոչ»,- պարզաբանեց Թանդիլյանը:
Հարցին, թե կան արդյոք երաշխիքներ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով մասնավոր սեկտորի համար նոր սպառնալիքներ եւ ռիսկեր չեն առաջանա, պատգամավորը պատասխանեց, որ իրավիճակը կշարունակի սրվել, եւ ճգնաժամի վերջնական հետեւանքները հնարավոր կլինի տեսնել միայն հեռավոր հեռանկարում:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ որոշ ընկերություններ եւ ձեռնարկություններ կարող են որոշ ժամանակ մնալ շուկայում: «Այդ ամենը համեմատելով համաշխարհային շուկաներում բացասական միտումների հետ՝ կարող ենք ասել, որ առաջիկա ամիսներին երկրում տնտեսական իրավիճակը կշարունակի վատթարանալ: Կառավարությունը պետք է ամենօրյա ռեժիմով նիստեր անցկացնի եւ որոշումներ ընդունի»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկել է ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին: Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրել է վարկային պորտֆելի էությունը. ««Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:
Այդ միջոցները կարող են օգտագործվել հետեւյալ նպատակներով.
Տնտեսվարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ եւ դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակից դեպքում ով ավելի, քան մսական 500 հազար դրամի չափով եւ ոչ ավել, քան 3 ամսվա համար: Այսինքն եթե տնտեսվարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի:
Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հունքի ողջ ծավալըպետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով եւ վարկառու տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորությունների:
Երրորդը՝ սարքերի եւ սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով:
Չորրորդը՝ էլէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով եւ ոչ ավելի, քան 3 ամսվա համար:
5-րդը՝ առեւտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծումայն դեպքում, երբ գնված կամ ներմուծված պետք է իրացվի Հայաստանում:
6-րդը՝ պարատանյութ, սերմ տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հունքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,-ասաց վարչապետը:
Նա նաեւ ներկայացրել է, թե որոնք են այդ վարկերի նկատմամբ հիմնական պահանջները. «Պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: Ժամկետը լինելու է մինչեւ 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը տարեկան 0-6 տոկոս:
Կառավարության կողմից համաֆինանսավորում առաջարկվում է հետեւյալ չափով. Աշխատավարձի պարագայում մինչեւ 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»:
Փաշինյանը հավելել է, որ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի եւ երբ պատրաստ կլինի, կառավարությունն այն կհաստատի:





























