Թուրքիայում ապրիլի 24-ին զորամասում  սպանված հայազգի զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի դին ընտանիքին են հանձնել որպես նահատակ։

Սպանված հայ զինվորի ծնողները չեն ընդունում, որ իրենց որդին նահատակ է եւ պահանջում են, որ սպանության հանգամանքները մանրամասն հետաքննվեն։

25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված առաջին հայտարարությունն այն էր, որ սպանությունը տեղի է ունեցել կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել։

Սեւակի դին ապրիլի 26-ին կտեղափոխվի Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցի, որից հետո կհանձնվի հողին։