Ռուսաստանյան «ԱԼՌՕՍԱ» ընկերությունը 2011 թ. առաջին եռամսյակում Հայաստան է արտահանել 6,8 մլն դոլարի ալմաստ։ Այսօր՝ ապրիլի 26-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպած կլոր սեղանի ժամանակ նման հայտարարություն արեց  ԱԼՌՕՍԱ ընկերության փոխնախագահ Յուրի Օկաեմովը։

Նշենք, որ ըստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական համաձայնագրի՝ ԱԼՌՕՍԱ-ն 2011 թ. Հայաստան պետք է մատակարարի մոտ 30 մլն դոլար արժողությամբ ալմաստ, որոնք պետք է մշակման ենթարկվեն Հայաստանի ադամանդագործական 6 ձեռնարկություններում։ Յ. Օկաեմովը նշեց, որ նշված ծավալները վերջնական չեն՝ ռուսական կողմը պատրաստ է ավելացնել մատակարարման ծավալները, եթե հայկական կողմը կատարի իր բոլոր պարտավորությունները:

Յ. Օկաեմովը նաեւ տեղեկացրեց, որ ներկայում համաշխարհային շուկայում նկատվում է ալմաստի հումքի դեֆիցիտ։ Նա հայ գործարարներին տեղեկացրեց, որ հունիսից ԱԼՌՕՍԱ-ն սկսելու է ալմաստի հումքի վաճառք իրականացնել մրցույթի միջոցով, եւ հայ գործարարներին հրավիրեց մասնակցելու այդ մրցույթներին։  

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կլոր սեղանի ընթացքում հավաստիացրեց, որ Հայաստանի ակնագործական արդյունաբերությունը ճգնաժամից հետո վերելք է ապրում, եւ շուտով կվերականգնի նախաճգնաժամային մակարդակը։

Հիշեցնենք, որ ԱԼՌՕՍԱ-ն ալմաստի հանքավայրերի հետախուզման, արդյունահանման, իրացման, ինչպես նաեւ ադամանդների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերություններից է։ Այն վերահսկում է ալմաստի արդյունահանման ռուսական շուկայի մոտ 97 տոկոսը, իսկ համաշխարհային շուկայում նրա այս ցուցանիշը 25 տոկոս է։

Ընկերության բաժնետոմսերի 50,93 տոկոսը ՌԴ սեփականությունն է, 32 տոկոսը պատկանում է Սախա Հանրապետության գույքային հարաբերությունների նախարարությանը, մեկական տոկոս մասնաբաժին ունեն նույն հանրապետության ութ վարչատարածքային միավորները։ Եվս 9 տոկոս արժեթղթերը պատկանում են այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց։