Երեւանում բացվել է ռուսալեզու ռադիոհեռարձակման երկրորդ միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է CITY FM (Հայաստան) ռադիոընկերության կողմից՝ մշակույթի նախարարության մասնակցությամբ եւ ԱՊՀ մասնակից-երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ։

Փառատոնին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի. Մոլդովայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ռադիոընկերությունների ներկայացուցիչները, որոնց կայանները ամբողջությամբ կամ մասնակիորեն են հեռարձակում ռուսերեն լեզվով։

Փառատոնի նպատակն է՝ միջմշակութային փոխանակումը եւ պետությունների մշակութային երկխոսության զարգացումը, մարդասիրական արժեքների քարոզչությունը, միջպետական համագործակցության սոցիալական նշանակության ուժեղացումը։

Փառատոնի շրջանակներում նախատեսված է նաեւ տեղեկատվական ու մեդիատեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու շուրջ հաղորդումների մշակումը եւ իրականացումը, «Ընկերության բառարան» եւ «Մեր ընկերների մոտ» միջպետական նշանակության հումանիտար ռադիոծրագրերի միասնական ջանքերով ստեղծումը։

Փառատոնի հիմնական իրադարձությունը կլինի ռադիոհեռարձակման մրցույթը, եւ վեց անվանակարգերին մրցանակների հանձնումը՝ «ԱՊՀ-ում ռուսալեզու ռադիոհեռարձակման գործում ներդրման համար», «Տեղեկատվական հաղորդում», «Մշակութային հաղորդում», «Մասնագիտացված հաղորդում (կրթական,բժշկական, տնտեսական, մանկական)», «Հաղորդում ռուսերեն լեզվի վերաբերյալ», «Եթերի ձեւավորում»։